ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՏՏ ոլորտն ու միջազգային ֆինանսական ճգնաժամը

ՏՏ ոլորտն ու միջազգային ֆինանսական ճգնաժամը
12.12.2008 | 00:00

ԺԱՄԱՆԱԿՆ Է Ո՛Չ ՄԻԱՅՆ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼՈՒ ԱՆՑՅԱԼԻՑ
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացման խնդիրներն առավել սուր են արտահայտված այսօր, երբ հանրապետության կառավարության կողմից վերջին տարիներին գերակա հռչակված այս ոլորտը, դեռ ամբողջովին չձևավորված, արդեն խոր ճգնաժամի փուլում է հայտնվել: Եվ բանը միայն LYCOS ընկերության հարցը չէ, որի մասին վերջին շրջանում շատ է խոսվում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարների հետ ունեցած մեր հանդիպումները (ս.թ. դեկտեմբերի 6-7-ը Դիլիջանում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների միության ձեռնարկած ՏՏ լիդերների առանց փողկապների հավաքը) ցույց տվեցին, որ առկա են ոչ միայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված բարդ իրավիճակներ, այլև մեզնից` հայերիցս կախված բազմաթիվ խնդիրներ: Իսկ այդ խնդիրների լուծումը, իսկապես, նախահարձակ և ոչ արձագանքող քաղաքականություն է պահանջում: Այսօր առանց չափազանցության կարելի է արձանագրել, որ Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացումն առաջին հերթին պայմանավորված է երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մակարդակով: Համեմատության համար նշենք, որ այս ոլորտի մասնագետները ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում դասվում են որակյալ աշխատուժի այն կարգին, որը 21-րդ դարում երբեք գործազուրկ չի դառնա: Այսինքն, երկրի մտավոր կարողությունը կօգտագործվի նաև զբաղվածության խնդիրն արդյունավետ լուծելու համար: Իհարկե, մրցակցությունն այս ասպարեզում թույլ չի տալիս միայն լավատեսական սցենարներ ուրվագծել: Մրցունակության առումով Հայաստանը պետք է հաշվի նստի ոլորտի մրցունակության չափորոշիչները (benchmarks) թելադրող Հնդկաստանի, Չինաստանի, Իսրայելի և այլոց փորձի հետ և փորձի դասեր քաղել` պատրաստ լինելու այսօրվա և վաղվա մարտահրավերներին:
Ակնհայտ է դառնում, որ այսօր գոյություն ունեցող ո՛չ պետական ֆինանսավորումը, ո՛չ արժութային, ո՛չ էլ հարկային կամ մաքսային քաղաքականությունը ոչ մի լավատեսական հիմքի առիթ չեն տալիս: Առավել կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դերը, երբ այն դիտարկում ենք որպես երկրի արտահանման կարևոր ուղղություններից մեկը և որպես երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման առանցքային գործոն:
Արհեստականորեն արժևորված դրամը վաղուց արդեն իր վնասներն է հասցրել հանրապետության արտահանման ուղղվածության ճյուղերին և հանգեցրել նրան, որ երկրի առևտրային հաշվեկշռում ներմուծման ծավալները գրեթե հինգ անգամ գերազանցում են արտահանման ծավալները: Սակայն ավելի մտահոգիչ է այն, որ ներմուծման աճի տեմպերը միայն ինն ամսվա կտրվածքով քառասուն և ավելի տոկոս են կազմել, իսկ արտահանման աճի տեմպերը չեն հասել նույնիսկ մեկ տոկոսի: Ելքը մեկն է. պետք է անհապաղ անցնել ներմուծման փոխարինման և արտահանման խթանման գործուն մեխանիզմների կիրառման: Այդ նպատակով, նախ, պետք է թույլ տալ, որ դրամն իսկապես վերադառնա իր բնական արժեքին: Առավել ևս, որ դրամի արժևորման մեջ մեծ դերակատարություն ունեցող արտարժույթի ներհոսքն անցնող երեք ամիսներին զգալիորեն կրճատվել է, այսինքն, տնտեսագիտական լեզվով արտահայտված, արտարժույթի առաջարկը կրճատվել է, և դրա արժեքն ազգային դրամի նկատմամբ իրականում աճել է, ուրեմն պետք է հաստատվի դրամի և դոլարի բոլորովին նոր գին: Հետևաբար, ոչ թե արհեստական կարգավորմամբ, այլ բնականորեն թույլ կտրվի, որ մեկ դոլարի դիմաց ավելի շատ` 390-410 դրամ փոխարժեք սահմանվի: Սա, իր հերթին, թույլ կտա, մի կողմից, իջեցնել դոլարով կամ այլ արտարժույթով արտահայտված հայկական ապրանքների և ծառայությունների գները (տվյալ դեպքում` ծրագրավորման և այլ արդյունքների) ու դրանով իսկ բարձրացնել դրանց մրցունակությունն արտաքին շուկաներում` ապահովելով աճող պահանջարկ, իսկ մյուս կողմից` ավելացնել աշխատողների` դրամով արտահայտված վարձատրության չափը` մեղմելով ֆինանսական ճգնաժամի պայմաններում գործազրկության ակնկալվող ալիքի վնասները: Բնականաբար, այս ամենը դրականորեն կանդրադառնա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վրա:
Միաժամանակ, կարիք կա վերանայելու վերաֆինանսավորման տոկոսադրույքը` վարկերն ավելի մատչելի և գրավիչ դարձնելու գործարարների համար: Սա թույլ կտա բիզնեսի կարիքները հոգալ և դրա զարգացման համար բավարար ու նպաստավոր պայմաններով լրացուցիչ վարկային միջոցներ օգտագործել: Մասնավորապես, ՀՀ կառավարությունն այս փուլում Համաշխարհային բանկից ակնկալվող մոտ մեկ միլիարդ դոլարի գումարներից կարող է արտոնյալ պայմաններով գումարներ տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների նպատակային ծրագրերն իրագործելու համար: Սրանով, իհարկե, պետությունից սպասվող աջակցությունը չի սահմանափակվում: ՀՀ կառավարությունը կարող է նաև այլ երկրներից փորձել պատվերներ ձեռք բերել` դրանք Հայաստանում կատարելու համար: Այստեղ չի կարելի չկարևորել հատկապես սփյուռքի ակտիվ դերակատարությունը: Բացի այդ, տեխնոպոլիսների և տեխնոպարկերի հավակնոտ ծրագրերն այսօր ավելի շատ, քան երբևէ, իրական կարող են լինել նաև այն իմաստով, որ արտերկրից կարելի է ֆինանսական ճգնաժամի պայմաններում ավելի նպաստավոր գներով ներկրել նոր տեխնոլոգիաներ, քան դա հնարավոր էր զարգացած երկրներում տնտեսական վերելքի փուլում: Ի վերջո, հանրապետության կառավարությունը պետք է վերանայի տեխնոլոգիաների համար նախատեսված ներմուծման մաքսատուրքերը և դրանք կրճատի` խթանելով վերջիններիս մուտքն ու կիրառումը Հայաստանում: Վերանայման է ենթակա նաև հարկային քաղաքականությունը: Մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նպատակով պետք է հիմնել ազատ տնտեսական գոտիներ, որոնք ընդհանրապես պետք է ազատված լինեն հարկերից: Ավելին, հարկային արտոնություններ պետք է տրվեն այն ընկերություններին, որոնք ցանկություն կունենան կիրառել հայրենական արտադրության տեղեկատվական տեխնոլոգիաները և հարկերից ազատել նրանց, ովքեր պատրաստ կլինեն համակարգիչներ և այլ առնչվող սարքեր նվիրել` հանրապետության տարբեր մարզերում հանրությանը հնարավորություն ընձեռելով օգտվելու տեղեկատվական տեխնոլոգիաներից: Հիշեցնենք, որ հենց նման եղանակով ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք խոշոր ընկերությունները սկսեցին համակարգիչներ նվիրել կրթական և գիտական հաստատություններին` դրանով իսկ նպաստելով սեփական երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացմանը: Ժամանակն է ոչ միայն դասեր քաղելու անցյալից և այլ երկրներից, այլև ճիշտ օգտագործելու մեզ ընձեռված հնարավորությունները:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Դիտվել է՝ 8910

Մեկնաբանություններ